Posted in Պատմություն

Էջմիածին

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն-թանգարանը հիմնվել է 1982 թ. հոկտեմբերի 11-ին: Ճարտարապետը Բաղդասար Արզումանյանն է: Գանձատուն-թանգարանն անվանվել է ի պատիվ ամերիկահայ բարերարներ տեր և տիկին՝ Ալեք և Մարի Մանուկյանների:

Գանձատանը ցուցադրվող նմուշները ժամանակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են բերվել հայկական տարբեր համայնքներից` ընդգրկելով աշխարհագրական լայն տարածք:

Գանձատանը ցուցադրվում են արժեքավոր բազմաթիվ իրեր, եկեղեցական, ինչպես նաև կիրառական արվեստի նմուշներ, սկիհներ, խորանի վարագույրներ, աջեր, մասունքներ, զգեստներ, ջահեր, խաչեր, հին հայկական գորգեր, կավե  ամաններ և փայտե փորագրություններ:

Այստեղ է պահվում Սուրբ Աստվածածնի պատկերով նկարների հավաքածուն, որը ժամանակի ընթացքում կերտվել է պատմական Հայաստանի տարբեր շրջաններում:

2018 թ. Մայր տաճարի շինարարական ծավալուն աշխատանքներով պայմանավորված` տաճարի հարավարևելյան մասում գտնվող թանգարանի  նմուշների մեծ մասը տեղափոխվեց գանձատուն-թանգարան: Տեղափոխված սրբազան գանձերից են Ս. Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին, այն պահվում է արծաթե մասնատուփի մեջ), Նոյան տապանից սրբազան մասունքը, որն ամփոփված է 1698 թ. պատրաստված մասնատուփում, Խոտակերաց Սուրբ Նշան մասունքի պահարանը` Հիսուս Քրիստոսի Ս. Խաչափայտի մասունքով (914–929 թթ.), Աշոտ Երկաթի խաչը՝ մասնատուփով, որի մեջ պահվում է Քրիստոսի Խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է), Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը, Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների աջերը, Ս. Անդրեասի, Ս. Գևորգի մասունքները, Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը, Կոմիտաս վարդապետի խույրը, Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները և արվեստի արժեքավոր այլ նմուշներ:  

Leave a comment